Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Ավետիսյանն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Դավիթ Ավետիսյանին խուլիագանության մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելը:

21-ամյա Դավիթ Ավետիսյանը «Սասնա Ծռեր»-ի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանի որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, մասնավորապես, գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս' Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»: