Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ կարձակվի, նրա կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Նա նշեց՝ դատարանը մերժել է Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը․ «Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել։ Նա, հավանաբար, ազատ կարձակվի կալանավորման ժամկետը լրանալու օրը, եթե Քննչական կոմիտեն նոր միջնորդություն չներկայացնի»,- ասաց Թադևոսյանը։
Այս պահին Կարեն Պողոսյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, օրեր անց՝ կալանավորման ժամկետը լրանալուն պես ազատ կարձակվի, որից հետո քննիչի կողմից նրա նկատմամբ այլ խափանման միջոց կընտրվի։
Ավելի վաղ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին նշել էր․ «Քննությունը կպարզի ինքը մեղավոր է, թե ոչ։ Եթե մեղավոր է՝ թող իր պատիժը կրի, ինչ ասեմ։ Ես կարծում եմ՝ բողոք չկա, խնդիր չկա, ինչքան գիտեմ էդպես ա»,- ասել էր Մելիքսեթ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: 2 անձ տուժող էր ճանաչվել։ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից 2 ամիս անց՝ սեպտեմբերի 22-ին, Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմին։ Սեպտեմբերի 24-ին դատարանը վերջինիս 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։
Սոնա Հարությունյան