Հայաստանում Ինտերպոլի ազգային գրասենյակի միջոցով լուծվել է Աշոտ Մնացականյանի էքստրադիցիայի հարցը և փետրվարի 18-ին նա Վիեննայից տեղափոխվել է Երևան: Վիեննայում կալանավորվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի վերջին' հայկական կողմի խնդրանքով, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Դեպքը, որի համար կալանավորվել էր Մնացականյանը, կատարվել էր նոյեմբերի 28-ին ժամը 20:40-ի սահմաններում Երևանի Վաղարշյան փողոցի 10 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի մոտ: Կենտրոնի տեսախցիկները տեսագրել էին դաժան ծեծի մեծ մասը: Այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով' «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ» և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով' խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Դեպքից մի քանի ժամ անց Աշոտ Մնացականյանը, որը ուներ Նիդերլանդների քաղաքացիություն, մեկնել էր Երևան-Վիեննա չվերթի ինքնաթիռով:

 

Ըստ աղբյուրի, ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Վիեննա հասնելուն պես Աշոտ Մնացականյանը ձերբակալվել էր Ավստրիայի իրավապահների կողմից: Նախաքննությունը շարունակվում է: