«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 20-ամյա Թովմաս Վարդանյանն արդեն 19 օր է հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ արդարության պահանջով: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանը' հավելելով, որ հացադուլի եւ ջրադուլի մասին իր պաշտպանյալը հայտարարել է դեկտեմբերի 2-ին՝ տվյալ դատավարության ժամանակ, և այդ օրվանից սկսած իրացրել է իր իրավունքը:

 

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի, անգամ նախորդ նիստին նրան դեղերի օգնությամբ են շտապ օգնության ավտոմեքենայով դատարան տարել:

 

Փաստաբանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է իր պաշտպանյալին եւ տեղեկացել, որ նա դիմում է գրել քրեակատարողական վարչության պետին՝ հացադուլը և ջրադուլը շարունակելու մտադրության մասին, իսկ ՔԿՀ-ի վարչությունը պատասխանել է, որ նրա վիճակը այնքան ծանր է, որ թույլ չեն տալիս շարունակել հացադուլ և ջրադուլը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Թովմաս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ՝ շահադիտական դրդումներով):

 

Ըստ մեղադրանքի՝ Թովմաս Վարդանյանը Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին պարտք է եղել 100.000 դրամ, որը վերջինս պահանջել է վերադարձնել, ինչից հետո էլ, նախաքննական վարկածի համաձայն, որոշել է սպանել նրան:

 

Մեղադրական եզրակացության համաձայն՝ սույն թվականի հունվարի 21-ին Թովմաս Վարդանյանը տուժողին տարել է Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտամիջյան հատված և ուրագով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, սակայն տեսնելով որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասցրել՝ ձեռքերով փակել է նրա բերանը' փորձելով շնչահեղձ անել։

 

Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ Թ.Վարդանյանն, ըստ նախաքննական մարմնի, կարծել է, թե նա մահացել է եւ հեռացել է դեպքի վայրից։ Այդպիսով՝ իրավապահների գնահատմամբ՝ Թ.Վարդանյանն իր պարտատիրոջն սպանելու մտադրությունը չի իրականացրել՝ իր կամքից անկախ պատճառներով։


«Փաստինֆո»