Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, օգոստոսի 4-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս։ Այժմ նա բժշկական հետազոտություն է անցնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի աշխատակից Գոհար Սավդյանը, անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք առողջական խնդիրների դեպքում իրավունք ունի բուժզննում անցնել և համապատասխան բուժում ստանալ: «Գանգատների մասին տեղեկություն դեռևս չունենք: Տիգրան Խաչատրյանը այս պահի դրությամբ բուժմասում է և անցնում է հետազոտություն, որի արդյունքում պարզ կլինի, թե ինչ խնդիրներ նա ունի»,- ասաց Սավդյանը:

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ' վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

 

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը. սահմանվել է երկամսյա կալանք: Դատարանը մերժել էր գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: