Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը եւ նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը։
«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, երկուսն էլ կասկածվում են սպանության եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։ Կասկածյալների շրջանակը այսքանով չի սահմանափակվում եւ բացառված չէ, որ առաջիկայում կարգավիճակի փոփոխություն ունենան նաեւ այլ անձինք։ Ի դեպ, դատելով նաեւ քրեական գործը Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու հանգամանքից, նախաքննական մարմինը հակված է կարծելու, որ հանցագործությանը մասնակից են եղել նաեւ զինվորականներ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՊՆ քննչական ծառայության քննիչների կողմից են կարող են քննվել միայն զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում կամ կազմակերպություններում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը։ Նկատենք, որ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով ներկայումս գտնվում է Մուրացանի հոսպիտալում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը' վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է, եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով' սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում):
Երեկոյան մի շարք անձանց տներում, այդ թվում Սյունիքի մարզպետի տանը կատարվել են խուզարկություններ։