Գորիսում հուլիսի 14-ի գիշերը հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ։
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Տիգրան Խաչատրյան դատավարական կարգավիճակ չունի, բայց նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Մարզպետի որդին էլ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով։
Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել երկու քաղաքացի։ Վիրավորում ստացածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու ընկերը։ Այս գործով տուժողի կարգավիճակ ունեն կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած երկու քաղաքացիները՝ Հարություն Վարդանյանը եւ Մելիք Բարսեղյանը։