Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված և հոկտեմբերի 1-ին ազատ արձակված Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն տուժող կողմի նոր ցուցմունքների հիման վրա Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Վերջին շրջանում ԶԼՄ-nերում շրջանառվող լուրերի համաձայն' վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը նոր ցուցմունք է տվել, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել:
Ավելի վաղ'սեպտեմբերի 16-ին, քննիչը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում էր ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը. նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք: Բացի այդ' դատարանը մերժել էր գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկա տմամբ' վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ' Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան' նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: