ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի», նրա տիկնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի, «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում էր Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելուն։
Ըստ քրեական գործի՝ 2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել է Վ.Ղ.-ին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:
«Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վ.Ղ.-ի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ: Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում՝ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը»,- նշված էր դատախազության տարածած հաղորդագրությունում։
Քրեական վարույթը նախ կարճվել էր, դատախազությունը հաստատել էր կարճելու որոշումը, սակայն 2022թ. նոյեմբերին դատախազի որոշմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու հատկանիշներով։
Այժմ՝ քրեական վարույթը կարճվել է՝ արդարացման հիմքով։