Դատարանի որոշմամբ քրեական հեղինակություն համարվող «օրենքով գող» «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է նրա փաստաբան Արթուր Պիվազյանը։
Փաստաբանի խոսքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության, ինչպես նաեւ բավարար ապացույցներ չունենալու հիմքով։
Պիվազյանն ասել է, որ արդեն հայտարարվել է գործի ավարտ ու կարճվել։
Նա հայտնել է, որ Անդրանիկ Սողոյանն արդեն ազատության մեջ է։
Հարցին՝ այդ գործով արդյո՞ք վկաներ կային, փաստաբանն ասել է, որ բազմաթիվ վկաներ կային, սակայն որեւէ մեկը Անդրանիկ Սողոյանին չի ճանաչել։
Արթուր Պիվազյանն ասել է նաև, որ Անդրանիկ Սողոյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն մերժել էր։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։