Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանն ազատ արձակվեց: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ կալանավորված Արթուր Մովսիսյանին:

Նշենք, որ նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել, ինչի հետևանքով՝  նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել էր ուժի մեջ: Ըստ «Սասնա Ծռեր»-ի տարածած հայտարարության՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացներ ևս 3 ամիս 14 օր:

«Արթուր Մովսիսյանը ձերբակալվել էր այն պատճառով, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ պատժվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Կալանքի տակ եղել է 1 տարի 8 ամիս 16 օր, այնուհետև խափանման միջոցը փոխվել է և եղել է ազատության մեջ: Վերաքննիչ դատարանը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, սակայն վերջինս վարույթ չի ընդունել: Փաստորեն ստացվել է, որ ինքը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, բայց իրական կալանքը 3 ամիս 14 օր պակաս է կրել: Հետևաբար, երբ վճիռն ուժի մեջ է մտնում, այն պետք է ամբողջությամբ կատարվի: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո համապատասխան գրությունները դատարանն ուղարկել է ոստիկանություն, որտեղից գնացել են իր հետևից: Այդ ամենը կատարվել է ապօրինի և բացահայտ հանցանքի հատկանիշներ պարունակող որոշման պատճառով, որովհետև Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն իրենց կայացրած որոշման մեջ չեն նշել, որ պետք է կիրառվի համաներման մասին օրենքը և ընդամենը րոպեներ հետո հանցագործության մասին երեկվա հաղորդումը 3 դատավորի վերաբերյալ գլխավոր դատախազություն կներկայացնեն, որոնք «մոռացել են»՝ համաներումը պիտի կիրառվեր, այդ իսկ պատճառով Արթուր Մովսիսյանն այսօր մի քանի ժամով զրկվել է ազատությունից, ավելին՝ նրան բանտ են տարել, չնայած րոպեներ հետո համաներման հիմքով ազատ կարձակվի»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Մնացական Հարությունյանի ակնհայտ անարդար դատական ակտի հիմքով հանցագործության մասին հաղորդումը րոպեներ հետո կտարածի և կհանձնի գլխավոր դատախազին: 

 

«Հարցը այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Արթուր Մովսիսյանին կալանավորել, բայց երբ ոչինչ չես անում, հավասարազոր է դրան: Հետևանքը նույնն է՝ անձի իրավունքների խախտումը: Երբ դատարանները կարող են քրեական օրենսգրքով արգելված արարք կատարել և շարունակել պաշտոնավարել, իսկ պետական որևէ մարմին նրանցով չի զբաղվում: Հանցավոր անգործությունը իր հետևանքով չի տարբերվում պատվեր տալուց, ինչը վկայում է այն մասին, որ երկրում տիրում է դատական անիշխանություն, որի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է»,- նշեց նա: 

Փաստաբանի խոսքով՝ եթե նախկինները պատվիրում  էին որևէ մեկին բանտարկել, ապա ներկաները չեն պատվիրում, բայց չեն էլ խոչընդոտում, հետևաբար ըստ նրա՝ նախկին պատվերների կատարումը չի կարող կասկածներ չհարուցել: