Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները:
Նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցերում: Խումբն արձանագրում է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին: Մասնավորապես, խցերում կան սանհանգույցեր, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն:
Հիմնարկի վարչակազմը Խմբին փոխանցել է, որ նրանք օգտվում են 3-անգամյա սննդից: 2 անգամ բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում առողջական խնդիրներ չեն արձանագրվել:
Այսպիսով, Խումբն արձանագրում է, որ ՔԿ հիմնարկում վարձկանները պահվում են միջազգային չափանիշներին համահունչ: