Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին խումբը բաղկացած է եղել «Ալ Համզաթ» դիվիզիայի, «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների ավելի քան 400 վարձկանից: Նրանք պետք է ավելի վաղ տեղափոխվեին Ադրբեջան, սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը հետաձգվել է հրադադարի համաձայնության պատճառով: Սիրիացի վարձկանների թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի:
«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի աղբյուրի համաձայն՝ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են, որոշ զինյալներ հրաժարվել են կռվելուց, իրենց վճարումներից և վերադարձել են Սիրիա՝ փախչելով ընթացող կատաղի մարտերից:
«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումներում զոհերի թիվն աճել է այն պատճառով, որ նրանց ուղարկել են առաջնագիծ: Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։ Նրանցից 92-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացածը մնացել են Ադրբեջանում»,- նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ից։