Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական կողմը հետ քայլ է կատարել։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, սակայն չկարողացավ հստակ տեղեկություն տալ՝ կոնկրետ տեղանքների մասով։

Մարզպետի փոխանցմամբ՝ այս պահին դեռևս սահմանազատման աշխատանքները չեն մեկնարկել, հետևաբար, ինքն այս պահին որևէ մանրամասն տեղեկություն չի կարող հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասով։ Անդրադառնալով սահմանային գոտում հայկական ու ադրբեջանական կողմերի ինժեներական աշխատանքների բնույթի վերաբերյալ հարցին՝ Ղուկասյանը նշեց, որ դրանք պաշտպանական ինժեներական աշխատանքներ են և դրանով որևէ սահման գծելու մասին չի կարող խոսք լինել։

Սահմանամերձ բնակավայրերից հաճախ են բնակիչները բարձրաձայնում իրենց զինելու անհրաժեշտությունը՝ ինքնապաշտպանության համար, սակայն, Ղուկասյանի խոսքով, սահմանապահ գյուղացուն զինելու անհրաժեշտություն չկա։

Ռոբերտ Ղուկասյանը նաև հայտնեց, որ այս պահին Սյունիքի Տեղ համայնքում շուրջ 50 ընտանիք խնդիր ունի հասնելու իրեն պատկանող վարելահողերին։ Սրան, ըստ նրա, խոչընդոտում է երկու հանգամանք՝ առաջինն ադրբեջանցիների առաջխաղացումն է, մյուսը՝ հայկական բանակի տեղակայման հանգամանքը։ Իր խոսքով՝ այն բնակիչները, որոնք հնարավորություն չունեն մուտք գործելու իրենց տարածքներ, կստանան աջակցություն՝ այս տարվա չիրացված եկամուտի համար։ Ղուկասյանն անդրադարձավ նաև Սյունիքում ստեղծված իրավիճակում որևէ շոշափելի արդյունք չգրանցելու պայմաններում հրաժարական ներկայացնելու վերաբերյալ հարցին։

«Ես մտածել եմ շատ երկար։ Հիմա այն փուլն է, որ եթե որևէ մեկը որևէ տեղում կարող է օգտակար լինել երկրին, ապա դա պետք է անել՝ անկախ ամեն ինչից։ Ես Սյունիքի մարզում եմ, ու եթե մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքի մարզում բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող օգնել իրենց, ապա մեկ վայրկյան էլ չեմ մնա այդ պաշտոնին»,- ասաց նա։
Ղուկասյանը վստահեցրեց, որ այս պահին մարզից արտագաղթողներ չկան։

Աղբյուր' Փաստինֆո