Երեկվա կարևորագույն իրադարձությունն անշուշտ կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցը Անկարա, եթե այն չսրբագրվեր Թուրքիայում չհաջողված հեղաշրջման հետևանքով ստեղծված իրավիճակով: Անկեղծ ասած, հասարակության ուշադրությունն էլ սևեռված է ոչ թե Անկարայի, այլ` մեր մայրաքաղաքի Խորենացի փողոցի վրա, որտեղ կիրակի օրը տեղի ունեցավ ահաբեկչական ակտ:
Անցյալ շաբաթը կարող է շրջադարձային լինել ԼՂ խնդրի կարգավորման կամ առնվազն խնդրի միջազգային գործընթացում: Մեկ շաբաթ առաջ դիվանագիտական տողատակերով ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները բացահայտեցին, որ առկա է ռուսական առաջարկությունների փաթեթ: Այն ուղղված էր ստատուս քվոյի փոփոխությանը՝ փուլային տարբերակով: Մասնավորապես, ենթադրվում է տարածքային զիջումներ հայկական կողմից` անվտանգության գոտու հաշվին: ԼՂ-ի համար միջանկյալ փխրուն հստակեցում է ենթադրում շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտիգենտի տեղակայումը: Մոսկվայում և Բաքվում ակնհայտորեն ոգևորված են ռուսական պլանից: Stratfor հեղինակավոր վերլուծական կենտրոնը նույնիսկ անսովոր է համարել այդ լավատեսությունը: Պաշտոնական Բաքուն ձգտում է, որպեսզի կարգավորման գործընթացում մեծանա Անկարայի դերակատարությունը մանավանդ ռուս-թուրքական նոր մերձեցման ֆոնին: Այս մասին անցած ուրբաթ Բաքվում հայտարարեց նույն Մամեդյարովն իր գործընկեր Մեվլութ Չավուշօղլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական պլանին ոչ հրապարակավ հակադրվում են Հայաստանը, Իրանը, արևմուտքը: Հայկական դիվանագիտությունը միայնակ չի կարող հակադրվել Մոսկվայի ճնշմանը: Ըստ այդմ, խիստ կարևորվում են Իրանի, ԱՄՆ-ի, Եվրամիության դիրքորոշումները:
Թեհրանն ակնհայտորեն պատրստ չէ այնպիսի շրջադարձի, որ Ղարաբաղի և իր սահմանագծում հայտնվեն ռուսական խաղապահներ: Իրանի իշխանություններն առհասարակ դեմ են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ստատուս քվոյի փոփոխությանը և այս առումով Հայաստանի իշխանությունների դաշնակիցներն են: Օգոստոսի 8-ին Բաքվում նախատեսված է Ալիև-Պուտին-Ռոհանի գագաթնաժողովը: պաշտոնապես երեք նախագահները քննարկելու են տնտեսական հարցեր և Կասպից ծովի կոնվենցիան: Կասկածից վեր է սակայն, որ կուլիսներում ակտիվ քննարկվելու է նաև ԼՂ խնդիրը:
Ինտիգային է ԼՂ խնդրում նաև արևմուտքի դիրքորոշումը, այն պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում: Կա տեսակետ, համաձայն որի՝ ազդեցության գոտիների որոշակի բաժանում է տեղի ունեցել: Ըստ այդմ՝ Սիրիական ճգնաժամի կարգավորման առաջնային մանդատը վերապահվել է ԱՄՆ-ին, մեր տարածաշրջանը` Ռուսաստանին: Եթե այս տեսակետը ճիշտ է, ապա առնվազն ԱՄՆ-ն կոշտ չի հակազդելու Պուտին-Լավրով զույգի Ղարաբաղյան փաթեթին: Եթե Ռուսատանի և ԱՄՆ-ի միջև գոյություն չունեն վերը նկարագրված համաձայնությունները, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիացի համանախագահներն ամեն բան անելու են՝ կարգավորման ռուսական պլանը տապալելու և նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար: Գուցե այս նպատակն է հետապնդում պաշտոնական Փարիզը Սարգսյան-Ալիև նոր հանդիպում Ֆրանսիայում կազմակերպելու նախաձեռնությամբ: Առայժմ դժվար է խիստ որոշակի կանխատեսում անելը: Հստակություն չբերեց նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հուլիսի 14-15-ը Մոսկվա կատարած այցը: Նա Պուտինի ու Լավրովի հետ քննարկել է ԼՂ հարցը, սակայն ինչքանով են մոտեցել կամ հակադրվել կողմերի դիրքորոշումը՝ հստակ հայտնի չեն:
Բաքուն հույս ունի իրականացված տեսնել ռուսական պլանը, հակառակ պարագայում՝ սպառնում է նոր պատերազմը: Հուլիսի 13-ին Ադրբեջանը ռազմամարզական զորավարժություններ է անցկացրել հայ ադրբեջանական շփման գծից 30 կիլոմետր հեռավորության վրա: Մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավմամաբ: Հուլիսի 15-ի երեկոյան ԼՂ բանակը կանխել է արևելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձը: Առայժմ մեր բանակին հաջողվում է դիմակայել ադրբեջանական ագրեսիան: Սակայն, ռազմական հաջողույթունը պետք է ամրապնդել դիվանագիտական քայլերով: Հայաստանի իշխանությունները ջանքեր պետք է գործադրեն՝ կարգավորելու ռուսական պլանը ձախողելու մեր դիրքորոշումները, համաշխարհային համատեքստին համահունչ մատուցելու դաշնակիցներ ունենալու հարցը: Սա է նոր լայնածավալ պատերազմի կանխարգելման բանաձևը:
Սարգիս Հակոբյան