Անցած գիշեր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահների արձակած կրակոցների հետևանքով երկու ոտքից վիրավորվել է նաև Հիմնադիր խորհրդարանի և ՊՊԾ գնդի տարածքն ու շինությունները գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը (Ապարանցի Պավլիկ): Նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն, սկզբնական շրջանում բժիշկը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նույնիսկ ասաց, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Հետագայում Պավլիկ Մանուկյանը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ պայքարը շարունակելու է հացադուլի միջոցով, թեկուզ իր կյանքի գնով:
Թե ով է Պավլիկ Մանուկյանը, փորձենք ներկայացնել հնարավորինս հանգամանորեն:
Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի տեղեկությունների համաձայն, Պավլիկ Մանուկյանը ծնվել է 1964թ. մարտի 3-ին, ՀԽՍՀ Բուժական գյուղում, որը ներկայիս Արագածոտնի մարզում է: Հայ ռազմական, հասարակական գործիչ է, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության անդամ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ:
1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից:
Արցախյան ազատամարտ
1990-1991 թթ. անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում: Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել: Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ: 1988-1994 թթ. Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբելուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ), Օմարի լեռնանցքի, Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին: Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը: 1991-1992 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-1993 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը: 1993-1996 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար: 1999-2000 թթ. Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն է եղել, 2000-2001 թթ.՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը: 2002 թ. զորացրվել է պահեստազոր:
Քաղաքական ակտիվությունը
2000-ական թվականների երկրորդ կեսից Պավլիկ Մանուկյանը ներգրավվեց քաղաքական պայքարի գործին: Նա անդամագրվեց Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությանը և ակտիվ քաղաքական պայքար էր իրականացնում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում:
Պավլիկ Մանուկյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման:
Մավլիկ Մանուկյանը 2015 թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում ԼՂՀ ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել:
Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացել են անպատիժ:
Պարգևները
ԼՂՀ պահեստի մայոր է, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Շուշիի ազատագրման համար» շքանշանների ասպետ: Նա իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան բողոքի Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ, որոնց լեգիտիմությունը չի ընդունում:
Էլ ինչ է հայտնի
Պավել Մանուկյանի նկատմամբ դաժան բռնությունը 2005 թվականին
ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո 2005թ. հունիսի 21-ի կեսօրին, ծեծված վիճակում, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է փոխադրվել «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, Արցախյան գոյամարտի հանրահայտ ազատամարտիկ Պավել Մանուկյանը:
a1plus.am-ի տեղեկացմամբ, ինչպես հետագայում է պարզվել, նա ուշքի գալով, հայտարարել է, որ իրեն ծեծկռտուքի են ենթարկել ԼՂՀ պաշտպանության նախարարության շենքում, նախարարի աշխատասենյակում: «Ընդ որում, նա վստահորեն ընդգծել է, որ առաջին հարվածները հասցրել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը, գետնին ընկելուց հետո աշխատասենյակում գտնվող մյուս գեներալներն ու այլ անձիք ոտքի բազմաթիվ հարվածներ են հասցրել իրեն:
Տեղեկություններ ստանալով այս մասին, Պավել Մանուկյանի կուսակցական, զինակից ընկերները, հարազատներն ու բարեկամները, շուրջ 200 մարդ, հավաքվել են զինվորական հոսպիտալի շուրջ: Հոսպիալ այցելած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հավաքվածներին խոստացել է անաչառ քննություն, որից հետո նրանք տեղափոխվել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի գրասենյակ:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն այս կապակցությամբ ԼՂՀ նախագահից պահանջել է միջադեպին մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Միջադեպի անաչառ քննության պահանջագրեր են հղվել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահին, զինվորական դատախազին եւ այլ պետական մարմիններին:
Երեկոյան ուշ տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանի եւ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական Դաշինքի նախագահ Վիտալի Բալասանյանի հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ: Հանդիպման ողջ ընթացքում նախագահի պալատի մոտերքում շարունակում էին հավաքված մնալ Պավլիկ Մանուկյանի զինակիցները, բարեկամները, կուսակցական ընկերները» (http://www.a1plus.am/10662.html ):
Հիշյալ լրատվամիջոցը փոխանցել է Պավլիկ Մանուկյանի կնոջ' Մարինե Մանուկյանից ստացված տեղեկությունն առ այն, որ հունիսի 22-ին, ժամը 15:00-ի դրությամբ Պավել Մանուկյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություններ չի իրականացվել, նրանից ոչ միայն չեն վերցվել բացատրություններ, այլև նույնիսկ դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել: Պավել Մանուկյանը շարունակել է պնդել, որ ծեծի է ենթարկվել ԼՂՀ պաշտպանության նախարարի աշխատասենյակում:
Այս իրավիճակում, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, վերջինս դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը' պահանջելով անկախ բժշկների փորձագիտական խումբ առաքել' Պավել Մանուկյանի առողջական վիճակի ուսումնասիրման, նրա վիճակի իրական գնահատականը տալու և համապատասխան բուժում իրականացնեու նպատակով:
Զինվորական հոսպիտալի պաշտոնյաները հանրությանը հայտնել են, որ Պավել Մանուկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն պահանջել է Պավել Մանուկյանին տեղափոխել պաշտպանության նախարարությանը ոչ ենթակա հիվանդանոց, սակայն հոսպիտալի ղեկավարությունը մերժել է դա' պատճառաբանելով, որ առնվազն առաջիկա 4 օրվա ընթացքում հիվանդին չի կարելի ոչ միայն փոխադրվել, այլև նույնիսկ նստել կամ որևէ այլ շարժում կատարել: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալը շարունակել է մնալ խիստ հսկողության տակ: ԼՂՀ պաշտպանության բանակի բժշկական ծառայության պետ Սամվել Գևորգյանի հրամանով հունիսի 22-ի կեսօրին մի խումբ լրագրողների արգելվել է մուտք գործել Պավել Մանուկյանի մոտ:
Պավլիկ Մանուկյանը 2013թ. պաշտպանել է սոցիալական արտոնությունների և ապրուստի հնարավորության պահանջով ազատամարտիկների ընդվզումը, բողոքի նստացույցը:
«Ժողովուրդ» օրաթերթը 2013թ. իր թիվ 539 համարում մանրամասներ է ներկայացրել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ վերոնշյալ բռնության վերաբերյալ.
«Հիշեցնենք, որ 2005-ի հունիսի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանը տուն էր գնացել, 15 րոպե հետո մի երիտասարդ ծեծել էր նրա տան դուռը եւ ասել, որ գեներալ Սամվել Կարապետյանը սպասում է: Ազատամարտիկն իրեն ուղեկցող երիտասարդի հետ գնացել էր ԼՂՀ պաշտպանական բանակ: Այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատարը Սեյրան Օհանյանն էր: Մինչ նրա մոտ հասնելը, գեներալ Սամվել Կարապետյանը հարվածել էր Պավլիկ Մանուկյանի ծնոտին ու փորին: Այնուհետեւ երկուսով՝ այսօրվա ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, մտել էին Սեյրան Օհանյանի աշխատասենյակ: Վերջինս բարեւելուց անմիջապես հետո հարձակվել էր Պավլիկի վրա. «Ես քու դաշնակ ծնողը… Վիտո՞ եք պաշտպանում (նկատի ունեին ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին-Ս.Գ.): (Նորից հայհոյանքներ-Ս.Գ.)… Կարծում եք, եթե հաղթեիք, հենց էնպես իշխանությո՞ւն էինք ձեզ տալու»: Վիրավորանքների տարափի տակ երկուսով՝ Ս. Օհանյանը եւ Ս. Կարապետյանը, սկսել էին ոտքով ու ձեռքով հարվածել Պավլիկին: Ու երբ վերջինս ջուր էր խնդրել, Վարդան Բալայանը նրան մի բաժակ ջուր էր բերել՝ մեջը թքած: Այս պատմությունից հետո երկար ժամանակ Պավլիկ Մանուկյանը լռում էր, մինչեւ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը»:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով 2015թ. ապրիլի 7-ին Վարուժան Ավետիսյանից, Գևորգ Սաֆարյանից, Ժիրայր Սեֆիլյանից բացի, իրավապահները ձերբակալել են նաև Պավել Մանուկյանին:
2015թ. ապրիլի առաջին կեսին Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը: Նրա պաշտպան Հայկ Գրիգորյանի տեղեկացմամբ, Մանուկյանը դադարեցրել է հացադուլն իր մարտական ընկերների հորդորով: Վերջինս միաժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալին պահում են ամենախիստ մեկուսացված պայմաններում, արգելում են օգտվել տպագիր մամուլից:
«Որևէ մեկին նման խիստ ռեժիմով չեն պահում, արգելում են նույնիսկ տեսակցել ամենահարազատ մարդկանց, այս սահմանափակումը քննիչն է դրել»,- «Հայկական ժամանակ» օրաթերթին մանրամասնել է Պավլիկ Մանուկյանի փաստաբանը։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեվազյանը Պավլիկ Մանուկյանի փոխհրամանատար եղած տարիներին ծառայել է Արմավիրի զորամասում եւ հիշում է. «1998-2000թթ. ծառայել եմ Արմավիրի զորամասում, մենք ծառայության մեջ էինք, երբ նրան տեղափոխեցին մեր զորամաս որպես հրամանատարի տեղակալ, սկզբնական շրջանում նրան համազգեստ դեռ չէին հատկացրել եւ նա աշխատանքի էր գալիս քաղաքացիական հագուստով: Մոտ 2 շաբաթ, միգուցե նաեւ ավելի, նա ամեն օր գալիս էր աշխատանքի նույն հնամաշ հագուստով եւ կոշիկներով, նա նաեւ մեքենա չուներ, իսկ զորամասը քաղաքից մի քանի կիլոմետր հեռու էր: Երբ գիշերը զորամասում ինքն էր հերթապահում, որեւէ հերթապահ չէր համարձակվում գիշերը քնել, ամբողջ գիշեր հսկում էր զորամասը, ամեն ինչին հետեւում էր: Նրա մասին զինվորների մեջ լեգենդներ էին շրջում, թե ինչպես է կռվել հակառակորդի դեմ: Մի օր ոտքը թեթեւ ինչ-որ բանի էր խփել, ցավից սկսեց գալարվել, հետո ասեցին, որ ամբողջ մարմինը բեկորների մեջ է» (http://www.aniarc.am/2016/07/22/6-members-of-sasna-tsrer-bios/ )
Դարձյալ ըստ Վիքիպեդիայի
ՊՊԾ գնդի գրավում, զինված ապստամբություն Երևանում (2016)
2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Պ. Մանուկյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը:
Սասնա Ծռեր խմբավորման անունից ՊՊԾ գնդի տարածքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Պ. Մանուկյանը վերահաստատել է իրենց պահանջները: Դրանք են՝ ՀՀ իշխանությունների հեռացում, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարական, նրանց քրեական պատասխանատվության ենթարկում կատարած հանցագործությունների համար, երկրում անցումային կառավարության ձևավորում, ՀՀ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն, սոցիալ-տնտեսական առաջընթաց, երկրում արդարության վերականգնում: