Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը 11 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որեւէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։
Պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Պավլիկ Մանուկյանը քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել է երեկ երեկոյան։ Պավել Մանուկյանը, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի հացադուլը, քանի որ վերջինիս առողջական վիճակը վատ էր, պաշտպանի փոխանցմամբ՝ Մանուկյանը նույնիսկ չէր կարողանում քայլել։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։