Երկշաբաթյա ընդմիջումից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդմիջումից հետո շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը։ Նշենք, որ դատական նիստերի դահլիճում չեն ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» և Գագիկ Եղիազարյանը:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը դատարանից պահանջեց ապահովել Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում. «Ես պահանջում եմ իմ ընկերոջ ներկայությունը, քանի որ խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալին. «Մանուկյա՛ն, երբ Ձեզ ձայն տամ, այդ ժամանակ կխոսեք»:

«Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»,- հետևեց Պավլիկ Մանուկյանի պատասխանը: 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա՝ Գագիկ Մկրտչյանին:

Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին: