Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 24-ին, «Սասնա Ծռեր-2»-ի գործով դատական հերթական նիստը: Նշենք, որ նիստը վարում է դատավոր Մեսրոպ Մակյանը: 

Դատական նիստին Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Մեսրոպ Մակյանին։ Միջնորդությանը միացան նաև «Սասնա ծռերի» անդամներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը։

 

Նրանք հայտարարեցին՝ դատական նիստերի ընթացքում խախտվում են թե՛ ամբաստանյալների, թե՛ պաշտպանների իրավունքը։

«Զապասով պաշտպան եք ներգրավում, այս դեպքում հարց է առաջանում, թե ով է զապասով դատավորը, այս կերպ խախտվում է ամբաստանյալների ու պաշտպանների իրավունքները, ովքեր չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները: Այսկերպ դատարանը հաստատում է, որ քաղաքական հաշվեհարդար է իրականացնում «Սասնա Ծռերի» նկատմամբ»,- ասաց Ղարագյոզյանը՝ ավելացնելով, որ Մակյանը կանխակալ վերաբերմունք է դրսևորում այս գործով անցնող անձերի նկատմամբ:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց. «Հերիք չի՝ էս երկրում եք պատանդի կարգավիճակում, դատավորի կարգավիճակում էլ եք պատանդ։ Մեղադրողներն էլ ոնց որ Զանգին ու Զրանգին լինեն»,- ասաց ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: