Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամների գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Նիստը շարունակվեց ամբաստանյալների նկատմամբ կիրառված սանկցիայի պայմաններում:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Պավել Մանուկյանին հարցրեց` հրաժարվու՞մ է իր պաշտպաններից, Պավել Մանոփւկյանը պատասխանեց.
«Հիմա ես սանկցիայի տա՞կ եմ, թե՞ չէ, եթե սանկցիայի տակ եմ, Ձեր հարցերին չեմ պատասխանի: Մինչև հիմա Ձեր ցանկությամբ՝ ինչ ուզել-արել եք», - ասաց նա:
Դատավորը դրական պատասխանեց, Պավել Մանուկյանն էլ նշեց, որ այդ դեպքում չի քննարկելու իր պաշտպանների հարցը ու դրա վերաբերյալ կխոսի միայն սանկցիայի ավարտից հետո դատական դահլիճ վերադառնալիս:
Արտուշ Գաբրիելյանի ճշտող հարցին՝ նշի՞, որ հրաժարվում է իր պաշտպաններից, Պավել Մանուկյանը պատասխանեց.
«Ես չեմ հրաժարվում, բայց իմ բացակայության ընթացքում, եթե իմ պաշտպանները կմասնակցեն դատական գործընթացին, ես բողոքարկելու եմ Փաստաբանների պալատ, որ առանց իմ ներկայության՝ նրանք ներկա են գտնվում դատերին: Հիմա ասելիք չունեմ, երբ ինձ հանեք սանկցիայից, այդ ժամանակ կասեմ՝ ովքեր են իմ պաշտպանները», - ասաց Պավել Մանուկյանը:
Արայիկ Խանդոյանն էլ ասաց. «Առանց իմ ներկայության` ոչ մի պաշտպանություն»:
Նույն կերպ արձագանքեցին նաև մյուս ամբաստանյալները: