Telegram սոցիալական ցանցի և մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում ձերբակալությունից հետո առաջին գրառումն է հրապարակել իր ալիքում։
Շնորհակալություն հայտնելով իր բաժանորդներին աջակցության համար՝ Դուրովն ասել է, որ ֆրանսիական ոստիկանությունը հարցաքննել է իրեն չորս օր՝ բացատրելով դա նրանով, որ Դուրովը «պատասխանատու է այլ մարդկանց կողմից Telegram-ի անօրինական օգտագործման համար», և որ իր ստեղծած սոցիալական ցանցի ադմինիստրացիան «չի արձագանքել» իշխանություններին։
Դուրովն իր դեմ ներկայացված պնդումներն անվանել է «անակնկալ», իսկ իրավիճակը՝ ինքնին «զարմանալի», քանի որ, ինչպես ասվում է իր գրառման մեջ, «Telegram-ն ունի պաշտոնական ներկայացուցիչ Եվրամիությունում, ով պատասխանում է հարցումներին», ինքն «անձնապես օգնել է թեժ գիծ ստեղծել Ֆրանսիայում Telegram-ում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար» և որ այս ամբողջ ընթացքում «Ֆրանսիայի իշխանությունները բազմաթիվ ուղիներ ունեին կապվելու» նրա հետ «օգնություն խնդրելու համար»։
Դուրովը նշել է, որ եթե որևէ երկիր դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա ձևավորված պրակտիկան այն է, որ դատական հայց ներկայացվի ընդհանուր ծառայության դեմ, այլ ոչ թե գլխավոր տնօրենը մեղադրվի երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների մեջ։
«Երբեմն մենք չենք կարող համաձայնել երկրի կարգավորիչի հետ գաղտնիության և անվտանգության հավասարակշռության հարցում: Նման դեպքերում մենք պատրաստ ենք լքել այդ երկիրը: Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը պահանջեց, որ մենք հանձնենք «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք հրաժարվեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում։ Երբ Իրանը պահանջեց, որ մենք արգելափակենք խաղաղ ցուցարարների ալիքները, մենք հրաժարվեցինք, և Telegram-ն արգելվեց Իրանում։ Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք չեն համապատասխանում մեր սկզբունքներին»,- ընդգծել է Դուրովը։
Միաժամանակ, նա խոստացել է միջոցներ ձեռնարկել Telegram-ում հանցագործների դեմ պայքարելու համար։
«Ես իմ առջև անձնական նպատակ եմ դրել ապահովել, որ մենք զգալիորեն բարելավենք իրավիճակը այս առումով։ Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը ներքին առումով, և շատ շուտով ես ձեզ հետ կկիսվեմ ավելի մանրամասն տեղեկություններով մեր առաջընթացի մասին», - եզրափակել է Դուրովը: