«Հարգելի դատարան, ես 1988 թվականից՝ արդեն 33 տարի, քաղաքականության մեջ եմ ու քաղաքականության մեջ եմ թե որպես իշխանություն, թե որպես ընդդիմություն, հազարավոր ելույթներ եմ ունեցել, բացատրություններ, հոդվածներ գրել, բայց դուք հիմա իմ ելույթից ինչ-որ մի մաս վերցրել եք ու ասում եք, թե դա քրեորեն պատժելի հայտարարություննե՞ր են»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում մեկնարկած դռնբաց դատական նիստին ասաց Մանուկյանը:
«Այո, ես իմ 33 տարվա ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, այդ թվում և այդ խոսքերից, բայց ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իմ ասածները։ Դե հիմա թող երկու կողմի իրավաբանները միմյանց հետ վիճեն, տեսնեմ՝ ոնց են համոզում, որ սա քրեական պատժելի գործ է։ Ես առայժմ միայն կդիտեմ այդ բանավեճը։ Ես մեղադրանքը չեմ ընդունում, բայց իմ ասածը համարում եմ արդիական ու ոչ մի խոսքից չեմ հրաժարվում։ Իսկ իրավական գնահատականը, ինչպես արդեն ասացի, թող տան իրավաբանները»,- նշեց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։