2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեցին, սակայն ԶՈՒ ԳՇ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ նիստին:
Անդրադառնալով այս հանգամաքին և հանձնաժողովի անդամների վերաբերմունքին՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ ցավով է արձանագրում, որ նրանց հայտարարություններին հանրությունը լուրջ է վերաբերվում. «Այդ հանգամանքների հետ կապված ես պարոն Խաչատուրովի հետ խոսել եմ և մենք գրավոր պատասխան ենք ներկայացրել հանձնաժողովին, որտեղ ներկայացրել ենք մեր իրավունքների եւ պարտականությունների մասին մեր դիրքորոշումը»,- ասաց փաստաբանը՝ ընգծելով, որ ինքը խոսում է ոչ թե որպես փաստաբան, այլ որպես սովորական քաղաքացի:
Ըստ նրա՝ հանձնաժողովում կա մարդ, ով խախտում է Սահմանադրությունը հենց միայն այն հայտարարությամբ, որ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի մասին օրենքն ԱԺ բերելուց եթե նույնիսկ սպիտակ թուղթ բերի, ինքը պատրաստ է ստորագրել. «Յուրի Խաչատուրովը, հանդիսանալով շատ մեծ վաստակ ունեցող գեներալ, այդ հանձնաժողովում գնա ի՞նչ անի, ո՞ւմ հարցերին պատասխանի, որ հետո էլ քաղաքական շահարկմա՞ն ենթարկեն պատասխանները. «Յուրի Խաչատուրովը որեւէ անօրինական գործողություն չի կատարել։ Իր կատարած գործողություններն արձանագրված են փաստաթղթերում»,- ասաց նա՝ նշելով, որ որեւէ մտավախություն չունեն։
Հիշեցնենք, որ խոսելով Խաչատուրովի՝ հանձնաժողովին չներկայանալու մասին, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Մենք պատրաստ էինք գիշերն էլ հավաքվել, եթե ինքը գար, որովհետեւ իր չգալով ինքը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի անդամների մոտ: Բայց ի՞նչ է նշանակում, որ Արցախի նախագահը պատրաստ է պատասխանել հանձնաժողովի հարցերին, Յուրի Խաչատուրովը հաճույքով մասնակցում է 5-րդ ալիքի կողմից նկարահանված ֆիլմում եւ չի գալիս իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու»: