ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո։ Այս մասին այսօր ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Խաչատուրովը արդեն մի քանի օր է, ինչ վերադարձել է։ Ամսի 2-ի երեկոյան ազատման որոշման հրապարակումից և քարտուղարության հանձնումն իրականացնելուց հետո այցելել է Վրաստան՝ մոր շիրմաքարին։ Արդեն ամսի 4-ին եղել է Հայաստանում»,- ասաց Պողոսյանը։
Նա նշեց, որ հանդիպել է Խաչատուրովին, զրուցել են և սպասում են քրեական գործի ընթացքին։ Նա հավելեց նաև, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ դեռևս ոչ մի քննչական գործողություն չի կատարվել։
Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից և ըստ սահմանված կարգի՝ նրա վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն,անդրադառնալով այս հարցին, կարծիք էր հայտնել՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է շարունակի իր նախագահությունը: Իսկ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն էլ նշել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցն այս պահին որևէ կերպ կարգավորված չէ, և դրան են ուղղված անցկացվող խորհրդակցությունները:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Խաչատուրովն օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները»:
Սոնա Հարությունյան