«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատական նիստն ընդմիջվել է բավարար պաշտպանության իրավունքը ապահովելու և բավարար ժամանակ տրամադրելու՝ ծանոթանալու առաջադրված մեղադրանքին, քանի որ մինչ այս պահը իմ պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի հիմքի և բնույթի մասին: Նրա համար անհասկանալի է՝ ինչում է մեղադրվում», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ  կալանավորելու միջնորդությունը երկու ժամով հետաձգվել է: 

Պաշտպանը չցանկացավ իր դիրքորոշումը հայտնել 301 հոդվածի վերաբերյալ.  «Հաշվի առնելով, որ տվյալ հոդվածը ուժի մեջ է մտել 2009 թ. մարտի 18-ին ընդունված օրենքով, դիրքորոշում ունեմ, որն այս պահին չեմ ասի, այլ կներկայացնեմ դատարանում»:

 

Նա նշեց՝ տեղի է ունեցել երկու դատական նիստ՝ 11:30-ին, որին չեն ներկայացել ծանուցված չլինելու պատճառով, սակայն ծանուցվելուց հետո իր պաշտպանյալը 15:00-ին ներկայացել է դատարան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը երկու ժամով հետաձգվել է: Նիստը կշարունակվի ժամը 18:00-ին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով` այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: Նա սույն գործով հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով: