Ռազմական գործընթացներում կա մի հաստատված օրինաչափություն. պատերազմական դրության մեջ գտնվող պետությունների սահմանային իրավիճակի խաղաղությունն ուղիղ համեմատական է տվյալ պետությունների ներքաղաքական իրավիճակի զարգացմանը:

 

Ներքին քաղաքական խնդիրների առկայությունը վատ է անդրադառնում սահմանին տիրող իրավիճակի վրա: Դրա վառ օրինակներն են 2008 թ. մարտի 1-ի և 2015 թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ սահմանին իրավիճակի սրացումները: Ի տարբերություն նախորդ տարիների քաղաքական ցնցումների` ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող քաղաքական ցնցումները չեն զուգորդվում սահմանին լարվածության աճի հետ:

 

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս պահին Արցախում գտնվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ասաց. «Ադրբեջանը` հաշվի առնելով քառօրյա պատերազմի ընթացքում իր կրած նախատեսված և չնախատեսված կորուստները, գնահատելով մեր զինված ուժերի ռազմական պոտենցիալը, փոխել է իր գործելակերպը»:

 

Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանը չարձագանքելով ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակին, ուղղակի վերադասավորումներ է անում զինված ուժերի շարքերում` նախապատրաստվելով հետագա «քառօրյաներին»:

 

Քաղաքագետի խոսքով` ԼՂՀ իշխանություններն անկախ չեն, նրանք սովորական մարզային իշխանություններ են' ավելի բարձր կարգավիճակով, ուստի ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև տարաձայնությունների մասին կարող ենք խոսել միայն տարածքների հանձնման շուրջ ծավալվող քննարկումերում, քանզի Արցախի իշխանություններն են լինելու դրանց անմիջական հետևանքների կրողը: