ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա» հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են:
«Հիշեցնում ենք, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է /ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված/, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու և այն կատարած անձին հայտնաբերելու համար: Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին' համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով' դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: