Լուրեր.com-ի դիտարկումները վկայում են' մեկը չեն, երկուսը չեն, բազմաթիվ են այն քրեական գործերը, որոնցով մարդիկ խարդախության զոհ են դարձել' նպատակ ունենալով ձեռք բերել արևմտյան այս կամ այն երկիր մուտքի արտոնագիր: Այս առումով կարևոր է հասարակության իրավագիտակցության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքը, նրանց բացատրելը, հորդորելը, որ մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար չդիմեն պատահական կամ մասնավոր մարդկանց, քանի որ խաբելու և խաբվելու հավանականությունը շատ մեծ է:

 

Ռոբեր Թոմասը հավանաբար Սիրիայից հայտնի իրադարձությունների հետևանքով Հայաստան եկածներից է: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սոնա Մանուկյանը Ռոբեր Թոմասին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալուն աջակցելու պատրվակով, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խաբեության եղանակով 2015թ. հունվարի 15-ին մոր' Լենա Աղամալյանի միջոցով Ռոբեր Թոմասից ստացել է 1 064 589 դրամին համարժեք 1900 եվրո, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չիրականացնելով, խարդախությամբ հափշտակել է նշված գումարը:

 

Ըստ մեղադրական եզրակացության, բացի վերը նշվածից, Սոնա Մանուկյանը տեղեկանալով, որ Ռ. Թոմասի հաղորդման հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, տուժող Ռոբեր Թոմասի վրա անօրինական ազդեցություն գործադրելու նպատակով Հարություն Քեշիշյանին դրդել է 2015թ. հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հանցագործության մասին սուտ հաղորդում ներկայացնել այն մասին, որ իբր վերջինս 2015թ. հունվարի 15-ին Երևանի Գ. Նժդեհի հրապարակում Սիրիայից բջջային հեռախոս և նոթբուք բերելու նպատակով Ռոբեր Թոմասին տվել է 510 000 դրամ, սակայն վերջինս ստանձնած պարտավորությունը չի կատարել և խարդախությամբ տիրացել է գումարին: Համաձայն քր. գործի նյութերի, Հ. Քեշիշյանը Ս. Մանուկյանի դրդմամբ կատարել է նշված գործողությունը:

 

Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Հ. Քեշիշյանին այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության ակնհայտ կեղծ լինելը, Ս. Մանուկյանի դրդմամբ 2015թ. հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ներկայացրել հանցագործության մասին հիշյալ սուտ հաղորդումը:

Վերը նշված արարքների համար Սոնա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 2-րդ կետի և 38-333-րդ հոդվածի (սուտ մատնության դրդչությունը) 1-ին մասի հատկանիշներով, իսկ Հարություն Քեշիշյանին' 333-րդ հոդվածի («Սուտ մատնությունը») 1-ին մասի հատկանիշով: