Երևանի Խորենացու փողոցում և Սարի Թաղում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարվկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ /Արմենիա հեռուստաընկերություն azatutyun.am a1plus.am 1in.am lragir.am panorama.am civilnet.am news.am. armlur.am/ խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակ իցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»: