«Դավիթ Սանասարյանի զանգվածային անկարգություններ հրահրելու չակերտավոր միակ ապացույցը, թե նա քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ, միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներն են եղել և ոչ մի այլ ապացույց գոյություն չունի»,- ԼՈւՐԵՐ.com -ի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռեվազյանը:

 

Պաշտպանը որոշակի մանրամասներ ներկայացնելով՝ ասաց, որ իր պաշտպանյալին դեռևս հուլիսի 18-ին ձերբակալել էին, դաժան ծեծի էին ենթարկել, նրան նվաստացրել էին, ոտքերով գլխին էին խփել:

 

«Դավիթ Սանասարյանին հուլիսի 29-ին հիվանդանոցից են ձերբակալել: Ոստիկանները Դավիթի ծնողներին խաբել են, թե տեղափոխում են վերակենդանացման բաժին, բայց նրան ձերբակալում են»,-ասաց պաշտպանը և հավելեց, որ իր պաշտպանյալը հայտնի է իր քաղաքական հայացքներով, ինչն էլ պատճառ է դարձել կալանավորման:

 

«Զավեշտն այն է, որ կալանավորման որոշման մեջ միայն հռչակագրային մեջբերումներ են արված և հիմնավորում` բացի ենթադրություններից, չկա, միայն ոստիկանների ցուցմունքներն են, որ ինքը քարեր է հավաքել, խփել է: Համացանցը ողողված է տեսանյութերով, որ մեր պաշտպանյալները փորձել են ամեն ինչ դեպի խաղաղ հանգուցալուծում տանել, բա մի հատ տեսանյութ ներկայացրեք, ինչո՞ւ եք միայն ոստիկանների ցումունքները ներկայացնում»,- ասաց Ռևազյանը:

 

Փաստաբանը հայտնեց նաև, որ Դավիթ Սանասարյանը երիկմաների հետ խնդիրներ ունի, և բժիշկներն ասել են, որ նա պետք է լինի բժշկական վերահսկողության տակ: Այստեղ արդեն քաղաքական հետապնդումներ են ընթանում, և անձը գտնվում է քաղաքական ենթատեքստի տակ է: