Կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները նշեց, որ 2016 թվականի սկզբին մեր երկրի առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վարչապետը նկատել է, որ Հայաստանի գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները, բայց 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալները ցույց են տվել, որ առկա են որոշակի հաջողություններ: Շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով:
«Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ՝ այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ տնտեսության մեջ առկա խնդիրներն ու մարտահրավերները շատ են, դեռ անելիքներ կան, և նշված տնտեսական հաջողությունները չեն ազդել կյանքի բարեկեցության բարելավման վրա, ուստի կառավարությունը պետք է գործադրի ջանքեր, կյանքի բարելավման ցուցանիշները բարելավելու վրա:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է, որ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի:
«Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ»,- ասաց վարչապետը և բոլոր գերատեսչության ղեկավարների հորդորեց առաջին կիսամյակի ամփոփման ժամանակ ոչ միայն հաջողությունները նշվեն, այլ նաև այն բոլոր հարցերը, որոնք գերակա են և պետք է առաջիկայում լուծվեն: