Մենաշնորհների դեմ պայքարն այս կառավարության հռչակած առաջնահերթություններից մեկն է: Եթե խնդիրը դիտարկենք քաղաքական և հասարակական սպասումների տեսանկյունից, ապա հենց այս հարցում կառավարության հաջողությունը կամ անհաջողությունն են դառնալու Կարեն Կարապետյանի կաբինետի գործնեության գնահատման չափանիշը: Օրինակ, քաղաքական ուժերը չեն հավատում, որ կառավարությունն իրականում կպայքարի մենաշնորհների դեմ, որովհետև կարծում են, թե մոնոպոլիստ օլիգարխներն այս իշխանության հիմնական հենարաններն են, որոնք ընտրությունների ժամանակ ապահովում են անհրաժեշտ «տոկոս խփելու» գործառույթը:


Հասարակության մի ստվար հատված հավատում է Կարեն Կարապետյանին, սակայն հասարակ մարդկանց համար մենաշնորհների բացակայությունն առաջին հերթին նշանակում է կենսական անհրաժեշտության սննդամթերքի գների նվազում: Առայժմ նման բան չկա և կարելի է արձանագրել, որ հակամենաշնորհային քաղաքականությունը տակավին ոչ թե իրականություն է, այլ սպասումներ առաջացնող ցանկություն: Կառավարությունը մենաշնորհների դեմ արդյունավետ կպայքարի, եթե առնվազն համարձակություն ունենա ընդունել դրանց առկայությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր հեռուստատեսային հարցուպատասխանի ժամանակ կարծես թե ընդունեց, որ հատկապես ներդրումների ոլորտում կան մենաշնորհներ և անձամբ երաշխավորեց, որ այսուհետ ցանկացած մարդ կարող է իր ուզած ապրանքը ներկրել: Կարեն Կարապետյանը նույնիսկ հորդորեց, որ խոչընդոտի դեպքում մարդիկ կարող են անձամբ զանգահարել իրեն: Վարչապետի այս թափանցիկ ակնարկը մի կողմից խոստովանություն էր, որ ներկրումների ոլորտում խայտառակ վիճակ է և միայն օրենքը չի կարող խնդիր կարգավորել, մյուս կողմից՝ քողարկված մարտահրավեր էր օլիգարխիկ համակարգին, որ այսուհետ խաղի այլ կանոններ են գործելու: Սակայն ընդամենը մի քանի օր անց Կարեն Կարապետյանի խոսքերն ամբողջովին սրբագրեց տնտեսության զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, պնդելով, որ «մենք երբևիցե ներկրումների սահմանափակում չենք ունեցել»: Ստացվում է, որ կառավարության առանցքային նախարարը հակադրվում է վարչապետին: Կամ էլ, մենք գործ ունենք ավելի տխուր իրականության հետ, երբ վարչապետը PR-ի նկատառումներից ելնելով, հասարակությանը հաճո արտահայտություններ է անում, իսկ նրա ենթական անմիջապես մեսիջ է հասցեագրում օլիգարխներին, թե անհանգստանալու կարիք չունեն:Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները դառնում են երկակի ստանդարտի կրող, հանրային կարծիքը մանիպուլացնելով, իրականում հանրության շահերի դեմ գործելով:

 

Եթե այսպես շարունակվի, ապա կկրկնվի Տիգրան Սարգսյանի պատմությունը, երբ գեղեցիկ գաղափարների ստվերում Հայաստանի ժողովրդի թշվառ և անօգնական վիճակն էր: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետը ժողովրդահաճո խոստումներ է տալիս, առաջիկա ընտրություններում իշխանության համար քվեներ ապահովելու նպատակով:

 

Սա շատ պրիմիտիվ է՝ հար և նման «պրիմիտիվ գողության» այն սխեմային, որի մասին խոսում էր վարչապետը:

 

Սարգիս Հակոբյան