Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հայեցակարգը մշակած թիմին և առաջարկել Վանաձորի ղեկավարներին նշանակել կոնկրետ պատասխանատու, ով մշտական կապի մեջ կլինի ռազմավարության հեղինակների հետ: «Մենք այս հայեցակարգի ու քաղաքի զարգացման մաստեր պլանի հիման վրա պետք է Վանաձորում իրականացնենք հստակ ծրագրեր, քայլեր՝ հասկանալով մեր նպատակն ու ունենալով ընդհանուր տեսլական: Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, և մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության և մյուս խնդիրները:
Հայեցակարգի քննարկումից հետո ներկայացվել է նաև Վանաձորի ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է քաղաքի նախկին «Արտեկ» ճամբարի, ճոպանուղու և մարզադաշտին հարող տարածքներ, որտեղ ներդրումային տարբեր ծրագրեր է նախատեսվում իրականացնել: