Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտա­գործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369խմ. ավել ջրառ։

Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ տվյալ ՍՊԸ-ի ամենամեծ բաժնետերը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը:

Սա 2018 թվականից հետո թերևս առաջին դեպքն է, երբ թիրախում է հայտնվում անմիջապես հենց նախկին վարչապետի հետ առնչվող բիզնեսը: Սա իր հերթին բավական ուշագրավ եզրահանգումների տեղիք է տալիս: Մի կողմից՝ սահմանված քանակից ջրառի մեջ մեղադրանքը սահուն կարող է վերածվել ՝ գյուղացու ջուրը գողանալու մեղադրանքի և ջրի պակասորդը, որ այսօր առկա է մի շարք մարզերում, կարող է կապվել հենց նախկին պաշտոնյաների ՀԷԿ-երի աշխատանքի հետ: Այս դրվագում, կարծես թե, հենց նման միտում էլ կա, քանի որ իշխանությունները ամեն դեպքում մեղավորներ պետք է գտնեն: Մյուս կողմից էլ տուգանքից մինչև լիցենզիայի զրկում իրականում մեկ կամ մի քանի քայլ է, իսկ թե ինչը պետք է խանգարի իշխանություններին գնալ այդ քայլին և խլել նախկին պաշտոնյաներից ՀԷԿ-երի շահագործման լիցենզիաները՝ հին բիզնես էլիտան փոխարինելով նորով, յուրայիններով, դժվար է ասել: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանությունները հասան նաև Կարեն Կարապետյանին, ով մինչ օրս իր բիզնեսի վրա չէր զգացել նոր Հայաստանի հմայքը: