Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին ԼՈւՐԵՐ․com–ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
ԱԱԾ մամուլի կենտրոնից էլ փոխանցեցին, որ այս պահին տեղեկություն տրամադրել չեն կարող, տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 4-ի ուշ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքի էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր ցուցումով իր մերձավոր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,-նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։