ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, թե Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ այսօր ժամը 20-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն; Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։
Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին»: