Որպես լավ եւ էժան զենքի խոշորագույն արտահանող Ռուսաստանն, անկասկած, հետաքրքիր է եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Իրանի համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել լրագրողներին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը' Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով:
Նրա խոսքով' Ադրբեջանը եւս հետաքրքրվել է ՌԴ-ից նորագույն MC-21 ինքնաթիռների գնումով, Ռուսաստանը հույս ունի մինչեւ 2017 թվականի փետրվար 10 ինքնաթիռ վաճառելու պայմանագիր ստորագրել:
«Ադրբեջանը հետաքրքրվել է ռուսաստանյան MC-21 ինքնաթիռների գնումով: Այդ ինքնաթիռի առաջին թռիչքից հետո մենք ծրագրում ենք, որ մինչեւ փետրվար նման 10-ից ավելի ինքնաթիռի պայմանագիր կկնքենք», -ասել է Ռոգոզինը:
ՌԴ փոխվարչապետն ասե , որ Բաքվում պետք է ուղղաթիռների կենտրոն եւ ինքնաթիռների հավաքման գործարան բացվի:
«Բաքվում պետք է ուղղաթիռային կենտրոն ստեղծվի: Այստեղ խորհրդային եւ ռուսաստանյան արտադրության շատ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ կան: Ահա դրանց արդիականցումը, սերվիսային սպասարկումն այժմ պետք է կատարվի Ադրբեջանի տարածքում», -ասել է Ռոգոզինը:
Բացի այդ, ՌԴ փոխվարչապետի խոսքով' «Բաքվում պետք է ավիացիոն հավաքման գործարան բացվի»: