Այսօր Հայաստանում հիմնադրվեց Հանուն սոցիալական արդարության՝ ՀԱՍԱԿ նոր կուսակցությունը, որի գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է: Կուսակցությունը վարելու է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն:

 

Համագումարի ընթացքում ՀԱՍԱԿ-ի նախագահ ընտրվեց Արման Ղուկասյանը, իսկ քաղաքական խորհրդի կազմում ընդգրկվեցին Ծովինար Կոստանյանը, Վահե Դավթյանը, Նանե Սարգսյանը, Սևան Աղաջանյանը, Վարդուհի Մուրադյանը:  (Կարդացեք նաև՝ Հիմնվեց ՀԱՍԱԿ կուսակցությունը. կհամագործակցեն թե իշանության և թե ընդդիմության հետ (տեսանյութ))

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նորընծա կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանին հարցրեց, թե ինքն ինչ կապ ունի արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ և արդյոք նրանք բարեկամներ են, Ծովինարը հաստատեց. «Այո, մենք բարեկամներ ենք, բայց չեմ կարող ասել խորը բարեկամական կապեր ունենք, այլ հեռավոր ազգականներ ենք»: 

 

Մեր այն հարցին, թե այս կուսակցությանը ինչքանով կաջակցի Գևորգ կոստանյանը, Ծովինար Կոստանյանն ասաց, որ ինքը չի դիմել և չի էլ քննարկվել իր հետ կուսակցություն հիմնելու հարցը: Ծովինարը չկարողացավ պատասխանել նաև, թե արդյոք երբևէ Գևորգ Կոստանյանը կցանկանա միանալ իրենց կուսակցությանը:

 

Պատասխանելով մեր մեկ այլ հարցին, թե ինչու է կուսակցության առաջին համագումարը գրեթե կիսադատարկ դահլիճում ընթանում, կուսակցության քաղաքական խորհրդի անդամն ասաց, որ մարզերից դեռևս չեն կարողացել իրենց թիմակիցները գալ և փոքր-ինչ ուշացումով կմիանան իրենց: