Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց։ Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ գործարանի վերագործարկում։ Համակարգող խմբի անդամներ Արմեն Դեմիրճյանը և Կարինե Շահվերդյանը նախագահականի նամակների բաժին նամակ հանձնեցին՝ խնդրանքով, որպեսզի Ս․ Սարգսյանը հանձնարարականով հանդես գա՝ գործը նորմալ ձևով ընթանալու համար։ Նրանք նաև հանձնեցին օտարերկրյա ներդրողների նամակը։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը նշեց, որ գործարանով հետաքրքրվում են եվրոպական բիզնես ընկերությունը։ «Մենք հաջորդ հինգշաբթի հավաքվում ենք Կառավարության դիմաց և պահանջելու ենք հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ»,- ասաց Տ․ Մինասյանը։ 

 

Իսկ համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են հանդիպում ունենալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանդիպում ունենանք վարչապետի հետ, հասկանանք՝ իրենք ինչ տրամադրվածություն ունեն։ Քանի որ այս պահին կան կոնկրետ ներդրողներ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նպաստենք վարչապետի հետ հանդիպմանը։ Այդ ներդրողները պատրաստ են նաև «Նաիրիտ»-ի վերջնական արտադրանքը իրացնելու»,- մանրամասնեց համակարգող խմբի անդամը։ 

 

Նրա խոսքով՝ Կառավարությունը միշտ իրենց հորդորում էր ինքնուրույն ներդրողներ գտնել․ «Հիմա գտել ենք, հերթը իրենցն է»։