ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է «Վանաձոր Քիմպրոմ»-ի վերագործակման հնարավորությունը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: «Հանրապետության նախագահի կողմից եղել է հանձնարարական ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները: Այս պահին այդ ուսումնասիրություներն ընթանում են, որի ավարտից հետո մենք կներկայացնենք արդյունքները կառավարությանը և նախագահին՝ գործարանի ապագան որոշելու համար»,- ընդգծեց Զախարյանը:
Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ նախարարը հայտնեց, որ երկու ամսվա աշխատավարձերն արդեն վճարվել են՝ վստահեցնելով, որ մնացած մասը կվճարվի միչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը: «Նախարարի կողմից նախարարությանը հանձնարարական է եղել վճարել աշխատավարձերը մինչև դեկտեմբերի 15-ը: Ես հիմա բոլորին վստահեցնում եմ, որ մինչև դեկտեմբերի 15-ը աշխատավարձերը կվճարվեն»,- եզրափակեց Զախարյանը: