Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քննարկում է առաջիկա շաբաթներին Արտակարգ իրավիճակների կումիտեի հերթական նիստի գումարման հնարավորությունը՝ շնչուղիների մերձավորարևելյան համախտանիշի կորոնավիրուսի (MERS) տարածման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:
«Այժմ քննարկվում է դրա անցկացման անհրաժեշտությունը, և նիստը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին»,- ասել է նա:
Լինդմայերի խոսքով՝ հարցը մեծապես կպարզվի կորոնավիրուսի տարածման իրադրության գնահատման ԱՀԿ-ի և Կորեայի Հանրապետության համատեղ առաքելության ավարտվելուց հետո: Ինչպես սպասվում է, 10 հոգուց բաղկացած պատվիրակությունը Կորեայի Հանրապետություն կուղարկվի հաջորդ շաբաթվա սկզբին և մի քանի օր կմնա երկրում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են ևս մեկ հիվանդի մահը, որը վարակված էր մերձավորարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսով (MERS), այդպիսով զոհերի թիվը հասել է չորսի: Հաստատվել է այդ հիվանդությամբ վարակվելու ևս հինգ դեպք, այդպիսով հիվանդության հաստատված դեպքերի քանակը հասել է 41-ի: Այն մարդկանց թիվը, որոնց կարանտին է հանձնարարված հիվանդանալու ռիսկի պատճառով, աճել է մինչև 1600:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արդեն փակվել է ավելի քան 900 դպրոց: