ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանի քաղաքական ուժերին հանգստություն պահպանել հետընտրական շրջանում, և հանդուրժողականություն ցուցաբերել իրենց գործողություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«ԱՄՆ-ն կշարունակի հետևել միջազգային և ներքին դիտորդների հաշվետվություններին, ինչպես նաև՝ ընտրությունների հետ կապված բողոքներին: Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին ընտրական խախտումների մասին հաղորդագրությունների հետաքննություն անցկացնել և համապատասխան քայլեր ձեռնարկել»,-հայտարարել է նա:
Նուլանդը նաև հայտարարել է, որ Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրությունները միջազգային դիտորդների կողմից լավ կազմակերպված են համարվել: Հղում կատարելով ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտին' Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ հայկական ԶԼՄ-ները հավասար կերպով լուսաբանել են թեկնածուների նախընտրական արշավը: Միևնույն ժամանակ, նա կիսել է միջազգային դիտորդների անհանգստությունը ղեկավարման մարմինների անկողմնակալության բացակայության և իշխող կուսակցության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսների շահագործման առումով: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը: