Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը որոշակի վերապահումներով դրական է գնահատում կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

 

«Սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Նախ ես կցանկանայի բոլորին կոչ անել այս հարցում պահպանել այն միասնականությունը, որը ձևավորվել էր օգոստոսյան հայտնի դեպքերի ընթացքում և ցույց տալ, որ սա այն հարցն է, որտեղ կարող են քաղաքական տարաձանությունները, մասնագիտական տարբեր մոտեցումները մի կողմ դրվել և հանուն մեր պետականության զարգացման կարող ենք միավորվել կարևորագույն գաղափարի շուրջ:

 

Քանի որ ձևավորվել է շատ լուրջ ակնկալիք այն բնակչության մոտ, ովքեր որ ականատեսն են եղել այդ միասնությանը, այդ այցերին և քաղաքական ուժեր ի ու կառավարության կողմից հնչած մոտեցումներին, մենք պարտավոր ենք հավուր պատշաճի բավարարել այդ ակնկալիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ օրենքում պետք է ֆիքսվի «սահմանապահ համայնքը»: ««Սահմանապահ» հասկացությունը պետք է ֆիքսվի այն տրամաբանությամբ, որպեսզի սահմանամերձ այլ համայնքների մոտ տարաձայնություններ չառաջանան: Սահմանապահ համայնքների մասով պետք է հստակ երևա, որ դրանք առաջնահերթություն են, և այդ բնակավայրերում լինելու են աջակցության հստակ ծրագրեր»,- ընդգծեց պատգամավորը:

 

Նա ևս մեկ անգամ կարևորեց այն միտքը, որ արտոնությունների վերաբերյալ օրենքը պետք է ավելի ընդլայնի և իր մեջ ներառի տնտեսական գործունեության ողջ դաշտը: «Երբեք մտավախություն մի ունեցեք, որ այս արտոնություններից կօգտվի խոշոր բիզնեսը. Սա այդ դեպքը չէ: Կամ ավելի լավ է խոշորը տանի իր բիզնեսը, դնի այնտեղ և օգտվի արտոնություններից, քան պետությունից թաքցնի հարկերը»,- նշեց պատգամավորը: