Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ բնապահպանների և վայրի բնության խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ քննարկեց ապօրինի ծառահատման դեպքերին՝ շեշտելով, որ նախարարությունը հետամուտ է լինելու, որպեսզի ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտվեն՝ այս հարցում խնդրելով նաև արշավականների և հասարակական կազմակերպությունների աջակցությունը. «Վանդալիզմի հասնող վայրագրությունների դեմն առնելու համար ուժեղացնում ենք տեսչական ստուգումները, բայց դա բավարար չէ: Մենք համակարգային փոփոխությունների խնդիր ունենք, քանի որ մեր ունեցած մարդկային ներուժով չափազանց դժվար է վերահսկողություն իրականացնել, օրինակ, «Դիլիջան» ազգային պարկում, որը հսկայական տարածք է ներառում»:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ տարածքը տեխնիկական միջոցներով զինելու համար:

 

Լոռու մարզից ներկայացած  քաղաքացին ահազանգեց, որ Ազգային պարկերում փայտ կտրողներն ու գողացողները ծառերը կտրում են պաշտոնյաների իմացությամբ և, հետևաբար, նախարարությունը պետք է բռնի հենց այդ պաշտոնյաների ձեռքը. «Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ ոք անտառ չի մտնում առանց անտառապահի թույլտվության: Հետևաբար, տեխնիկական զինումների մասին խոսելուց առաջ՝ պետք է հենց այդ պաշտոնյայի ձեռքը բռնել և պատժել նրան: Նախարարությունը պետք է նրանցով զբաղվի, նախքան գյուղացուն անտառ մտնելն արգելելը»:


Դիտարկմանն ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախարարությունն անելու է ամեն ինչ՝ հանրային վերահսկողության համար՝ Լոռու մարզից ներկայացած քաղաքացուն հրավիրելով աշխատանքի՝ անտառապահի պաշտոնում:«Աշխատանք ունե՞ք: Ես Ձեզ պաշտոնապես առաջարկում եմ անտառապետի պաշտոն՝ Լոռու մարզում: Արդեն առաջարկն արել եմ, եկե՛ք աշխատենք»:

Աղավնի Սուքիասյան