ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ:
«Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Զվարթնոց» Ավիաօդերևութվաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում 19.06.2017թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, ըստ հաշիվ-ապրանքագրի, ԱՁ-ից ձեռք է բերվել նախկին տնօրենի կողմից, որոնք պետք է տեղադրվեին «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում, բայց չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել, սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի, նշված բաշխման արկղերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում տեղադրվել են և հանձնվել շահագործման:
Նշված ակտը վավերացվել է ընկերության կլոր կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով:
Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրով ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության 2015-2016թթ. գույքային ցանկում, 2016թ. գույքագրման ցանկում և նախարարի հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ընդունման-հանձնման գույքային ցանկում: Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում ենք, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է երբ Մինասյանը եղել է Բնապահպանության նախարար և այդ ընկերության ստեղծման, ինչպես նաև գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար այսօր Մինասյանը՝ որպես վկա, հրացաքննվել է»: