«Մաքսային միությունը ԼՂՀ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի։ ՄՄ-ն տնտեսական համագործակցության նպատակներ հետապնդող կազմակերպություն է եւ այն կոչված չէ եւ ի վիճակի չէ հետապնդել որեւէ քաղաքական հարց։ Եթե ոմանք փորձում են որեւէ քաղաքական երանգ հաղորդել հարցին՝ մենք դա գտնում ենք ուղղակի անիմաստ»,-այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ արգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ակտիվորեն քննարկվող՝ երկու հայկական հարապետությունների միջեւ մաքսակետի եւ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցին,- հաղորդում է Karabakh-open կայքը:
Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է. «ԼՂՀ կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել սահմանադրության հանրաքվեի ճանապարհով։ Ես այսօր չեմ տեսնում որեւէ պատճառ, որպեսզի ԼՂՀ բնակչության որոշումը ենթարկվի փոփոխության»։
Պատասխանելով՝ «Հայաստանի ՄՄ-ին անդամակցելը ԼՂՀ ճանաչմանը չի՞ կարող վնասել» հարցին արտգործնաժարար Կարեն Միրզոյանը շեշտել է. «Դրանք տարաբնույթ գործընթացներ են։ ԼՂՀ միջազգային ճանաչումը պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելով կամ նրա հետ հարաբերություններ ունենալով։ Միակ գործոնը, որ ունենք այստեղ՝ ԼՂՀ ժողովրդի կամքն է՝ այն, որ Արցախի ժողովուրդը շարունակում է ապրել այս հողում, ստեղծել է իր պետությունը եւ նպատակ ունի զարգացնել այն։ Մեզ ճանաչում են հենց դրա համար, որ մենք կարողացել ենք ստեղծել կենսունակ պետություն, որը ոչ միայն կարողանում է պաշտպանել իրեն, ունի զարգացման հեռանկար։ Այդ առումով որեւէ լուրջ հարված ԼՂՀ ճանաչման գործընթացին չեմ տեսնում»։