Այսօր լրատվամիջոցներից մեկով տեղեկատվություն էր տարածվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «ավազի հանքերի» մասին: Ճշտելու համար, թե այդ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը, «zham.am»-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով պարզաբանեց.
«Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով՝ իրենց կայքերի այցելուների քանակը ավելացնելու կամ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու որոշ խմբագիրների մոլուցքն արդեն հոգեխանգարմունքի է հասնում:
Առավել քան ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք կա՛մ շարունակական մասնագիտական անբարեխղճության դրսևորման, կա՛մ պատվեր կատարելու պարզագույն գործընթացի հետ: Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի Սևան-Երևան մայրուղու ավազի հանքերի, և դրանց շահագործման հետ, և այս տեղեկատվությունը շատ հեշտությամբ կարող էին հարգարժան լրագրողները ճշտել՝ ընդամենը մեկ զանգ կատարելով: Սակայն նրանք նախապատվությունը տվել են ապատեղեկատվության տարածման էժանագին գործելաոճին: Խորհուրդս մեկն է՝ քանի դեռ նման հրապարակումների շնորհիվ լրատվամիջոցները վերջնականապես չեն հեղինակազրկվել, կանգ առե՛ք, ամոթ է»: