Mediamall.am-ը արդեն տեղեկացրել է, որ Արցախի խորհրդարանը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Հայեցակարգում հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման մոդելից անցում է կատարում նախագահականի։ 

 

Ներկայացնում ենք նախագահական մոդելին անցնելու անհրաժեշտության վերաբերյալ մի քանի դիտարկում, համեմատականներ, որոնք ներկայացված են հենց հրապարակված հայեցակարգում։ 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար էականորեն մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարևորությունը:

Նման կայունություն չի կարող երաշխավորել նաև կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով Ազգային ժողովի փոքրաքանակությունը, կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն:

Կայունությանը զուգահեռ՝ գերկենտրոնացած իշխանական համակարգից խուսափելու համար պետք է առկա լինեն զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներ, իսկ գործադիր իշխանությունն իր քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը: Ուստի՝ Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարևորի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը:

Կառավարման այս ձևում Հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, ինչը նախագահական համակարգի բնորոշ գիծն է: Հանրապետության նախագահը արտախորհրդարանական եղանակով ձևավորում է գործադիր իշխանությունը և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, սակայն, ի տարբերություն դասական նախագահական համակարգի, Հանրապետության նախագահը՝ որպես գործադիր իշխա­նության ղեկավար, ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև, ինչպես պառլամենտական համակարգում:

 

Այս համակարգը մի կողմից կապահովի արդյունավետ հակակշիռներ, զերծ կպահի կառավարման համակարգը փակուղային իրավիճակներում հայտնվելուց, իսկ մյուս կողմից, հաշվի առնելով միմյանց անվստահություն հայտնելու արդյունքում երկու մարմինների նոր ընտրություններ անցկացնելու պահանջը, կստիպի, որ և՛ Հանրապետության նախագահը, և՛ խորհրդարանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դիմեն միմյանց լիազորությունները դադարեցնելու քայլին: Դրանով կառավարման համակարգը կլինի ավելի կայուն:


Քաղաքական պատասխանատվության տեսակետից այս համակարգն անհամեմատ գերազանցում է կիսանախագահականին, քանի որ Հանրապետության նախագահը, ի տարբերություն նախագահական և կիսանախագահական երկրների նախագահի, իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Թեև Հանրապետության նախագահն առաջարկվող համակարգում օժտված է մեծ իշխանությամբ, նա, այնուամենայնիվ, չի կարող կառավարել պառլամենտական մեծամասնության կամքին հակառակ, այլապես խորհրդարանը կարող է նրան անվստահություն հայտնել:

 

Ինչպես նախագահական, այնպես էլ կիսանախագահական կառավարման ձևերում, առաջարկվող համակարգում ևս չի բացառվում, որ Հանրապետության նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը միմյանց հակադիր լինեն: Հակադիր մեծամաս­նությունների ռիսկը մեղմելու համար առաջարկվում է Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրություններն անցկացնել միաժամանակ: Նույն նպատակին է ծառայում նաև այն դրույթը, ըստ որի՝ Հանրապետության նախագահի թեկնածություններ կարող են առաջադրվել միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցու­թյունների կողմից:


Առաջարկվող համակարգի հաջորդ առավելությունը նախագահականի, որոշ դեպ­քերում նաև կիսանախագահականի համեմատ այն է, որ Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրությունների միաժամանակյա անցկացումը վերացնում կամ նվազագույնը էականորեն մեղմում է նախագահական և կիսանախագահական համա­կար­գին բնորոշ «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը: Նախագահական ընտրություն­ներում երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն, որպես կանոն, երկրորդ ուժը կլինի նաև պառլամենտում։