Հաշվի առնելով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ ասպարտամ (E 951) նյութի առկայության հետևանքով հնարավոր առողջական ռիսկերի հետ կապված խնդրի արդիականությունն ու օրերս կայացած մամուլի ասուլիսի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից խնդրի նկատմամբ հետաքրքվածությունը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը, օպերատիվ արձագանքելով հանրությանը հուզող խնդիրներին, ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով Երևան քաղաքի սպառողական շուկայում իրականացրել է գազավորված ըմպելիքներում ասպարտամի առկայության և պահպանման պայմանների պիլոտային ուսումնասիրություն:

 

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հետազոտությունը նպատակ է հետապնդել բացահայտել ասպարտամի կիրառման ռիսկի շրջանակը:

 

Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, խիստ կարևոր է ասպարտամ պարունակող ըմպելիքների պահման ջերմային ռեժիմի պահպանումը:

 

Ուսումնասիրվել են լայն սպառում ունեցող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների տարայի վրա մակնշված տեղեկատվությունը, ինչպես նաև վաճառակետերում պահպանման պայմանները:

 

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող գազավորված զովացուցիչ ըմպելիքների («Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի «Բայկալ» ըմպելիք, «Վանց գրուպ» ՍՊԸ-ի «Zuzu» և «Լիդեր կոլա», «Թամարա և Անի» ՍՊԸ-ի «Juicinad ֆրուտմիքս», ինչպես նաև «Յունիոն» ՍՊԸ-ի «Հայ կոլա») բաղադրության մեջ առկա է ասպարտամ:

 

Հատկանշական է, որ ուսումնասիրված բոլոր ըմպելիքների վրա առկա է պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ պահել զով չոր տեղում՝ 0-18°C, բացառությամբ՝ «Բայկալ» ըմպելիքի (պահպանումը՝ 2-12°C ջերմաստիճանի պայմաններում):

 

Ակնհայտ է, որ Երևանում վերջին օրերին օդի միջին ջերմաստիճանը 35°C-ից բարձր է, և մեծածախ առևտրի կետերում ըմպելիքները պահվում են ոչ պատշաճ կերպով, բաց պայմաններում, երբեմն՝ արևի ուղիղ ճառագայթների տակ: Փոքրածավալ կետերում առկա են միայն հովանոցներ, սակայն ըմպելիքները շարված են տաք ասֆալտի վրա:

 

Հայտնի է, որ 30°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գազավորված ջրում առկա ասպարտամը տրոհվում է ֆորմալդեհիդի, մեթանոլի և ֆենիլալանինի, որոնք էլ մարդու առողջության վրա կարող են թողնել բացասական ազդեցություն: Հետևապես, հիմք ընդունելով ներկայիս եղանակային պայմանները, չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը: