Ազատության հրապարակում Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց հավաքված քաղաքացիներին. «Եթե ես օրենք եմ խախտում, ուրեմն պահանջում եմ, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գա ինձ մոտ ու ինձ ենթարկեցնի ՀՀ օրենքին: Ազատության հրապարակում որևէ խոսք չի կարող արգելված լինել, ով ինչ ուզում է, նա կարող է արտահայտել, որովհետև սա մեր երկիրն է, այլ ոչ որևէ մեկի սեփականությունը: Վաղը մենք հանդիպում ենք այստեղ, ժամը հինգին, քաղաքապետարանի կողմից թույլատրված հանրահավաքին: Իմ կողմից հարգված երկու վեհափառների, իմ կողմից շատ հարգված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին միացել է Թուրքիայի նախագահը՝ իր կանխակալ շնորհավորանքով: Մնացած դատողությունները թողնում եմ ձեր հայեցողությանը, որովհետև կարևորը հայ ժողովուրդն է ու հայ մարդը, ուրիշ ոչ մեկը, ո´չ վեհափառը, ո´չ էլ օտար որևէ մեկը իրավունք չունի որոշել հայ մարդու անունից:

Դուք գիտեք, որ մի քանի օր է՝ հեռակա բանավեճ է ընթանում իմ ու Սերժ Սարգսյանի միջև: Համ իրար հարգում ենք, համ իրար քննադատում, և դա նորմալ է: Իր խոսնակը ասել է, որ երբ ուզենամ, Սերժ Սարգսյանը ինձ կընդունի: Ես էլ ասել եմ, որ կսպասեմ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում: Հարգելով ՀՀ նախագահի մեծ ավանդը, որ նա ունեցել է և դեռ պետք է ունենա ապագայում, այս պահին գիտակցելով, որ նա պարտվել է այս նախագահական ընտրություններում, ենթադրելով, որ Սերժ Սարգսյանը չի գալու Ազատության հրապարակ՝ իմ հրավերին ի պատասխան, ես գնում եմ նրա մոտ՝ լուծելու այս համազգային, հակաիրավական ու հակասահմանադրական ճգնաժամը, որում հիմա գտնվում է մեր ժողովուրդը»:

Մելանյա Մելքումյան